02-05-2019 13:21 750

 

Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ի՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգեց:

Ըստ որոշման հիմնավորման, ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան։Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2020 թվականից։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 2,8 մլրդ դրամի չափով ներդրում: Նշված ներդրման գումարի շուրջ 1,1 մլրդ դրամը սարքավորումներ են, սակայն մեծ մասը արդեն իսկ ազատված են ԱԱՀ-ից, այդ իսկ պատճառով ներառված չեն վերը նշված ցանկում։

Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 273,4 մլն դրամ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը պայմանավորված է կատարվելիք աշխատանքների լայնածավալությամբ ու բարդությամբ, սարքավորումների մեծ մասի ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հստակեցմամբ՝ հայտնում ենք, որ նշված ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը կարող է իրականացվել փուլ առ փուլ։

Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 260 հազար դրամ միջին աշխատավարձով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր