03-05-2019 23:29 1141

 

«ՀՀ կառավարություն են ներկայացվել 2.7 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր՝ աջակցություն ստանալու ակնկալիքով», - հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ամփոփվել են մասնավոր հատվածի ներդրումային կազմակերպությունների կողմից ներկայացվող այն ներդրումային ծրագրերը, որոնք շրջանառվում են կառավարությունում, ՝կառավարության կողմից այս կամ այն աջակցություն ստանալու ակնկալիքով: Դրանք վերաբերում են էներգետիկայի, մշակող արդյունաբերության, ենթակառուցվածքների, ՏՏ-ի և զբոսաշրջության ոլորտներին: Ընդհանուր թվով այդպիսի ծրագրերն այս պահին մոտ 6 տասնյակ են, դրանց հանրագումարային արժեքը մոտ 2.7 մլրդ դոլար է, կամ մեկ ծրագիրը՝ միջին հաշվով մոտ 47-48 մլն դոլար արժեքով»,- նշեց նախարարը:

Նա վստահեցրեց, որ աշխատանքներ են իրականացվում այդ ծրագրերի առաջընթացն ապահովելու ուղղությամբ: Այդ կազմակերպությունների հարցերը քննարկվում են գերատեսչություններում՝ այդ թվում աջակցություն ստանալով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից:

Ներդրումային ծրագրերը ներկայացված են ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ներդրողների կողմից: Ներդրումային ծրագրերից 38-ը իրատեսական կամ կարճաժամկետ կտրվածքով ներդրումների իրականացման հնարավորություն ունեցող ծրագրերն են, իսկ 19-ը նախնական կամ երկարաժամկետ կտրվածքով ներդրումների իրականացման հնարավորություն ունեցող ծրագրերը:

Տիգրան Խաչատրյանը նաև նշեց, որ կառավարության ծրագրում հայտարարված է նպատակը, որին հասնելու համար պետք է ուղղված լինեն իրենց կողմից իրականացվող բոլոր քայլերը: Դա համախառն ներքին արդյունքի նկատմամբ 23 տոկոսը գերազանցող ներդրումներն են հիմնական միջոցներում: 2018-ի արդյունքներով այդ թիվը մոտ 17 տոկոսի սահմաններում է:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր