ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը և նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է նրանց գործով վճիռը։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։
«Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մանվել Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, 8 ավտոմեքենա։ Բացի այդ, «Զինվորի բաժին» մակնշմամբ շուրջ 8 հազարի հասնող մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ–ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ 101 մլն 200 հազար դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ, մինչև դատավճռի կատարումը:
Նշվում է, որ գործով տուժողի իրավահաջորդ Հայկ Թորոսյանին կվերադարձվի Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



