Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերին:
Կառավարության նիստին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախագծերի փաթեթով 2 մեծ նպատակ է առանձնացվել.
«Առաջին՝ թափանցիկության ապահովումն է. այսինքն՝ խաղային գործունեության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների շրջանառության նկատմամբ հսկողությունը լինի առցանց, օնլայն ռեժիմով: Երկրորդ՝ պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է: Առաջին նպատակի առումով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի ծրագրային միջոցների եւ տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին, ինչպես նաեւ համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին եւ ունենան համապատասխան սերտիֆիկատներ»:
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ սերտիֆիկացման փաստը ստուգվելու է օպերատորի կողմից. «Օպերատորը սահմանում է Կառավարությունը մրցութային կարգով, բոլոր այդ խաղային արտադրանքները պետք է միացված լինեն մոնիթորինգային կենտրոնին: Մենք տեղեկություն կունենանք օնլայն ռեժիմով կատարված խաղադրույքի, ստացված շահման եւ մնացած այլ տեղեկատվության մասին»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



