jkjhkjhkj

30-11--0001 04:00 3000

Համադրված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է ստեղծեն այնպիսի դինամիկ ու կայուն մակրոտնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա հասնելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջին և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի՝ ապահովելով 2040 թվականի թիրախային ցուցանիշները: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ասաց Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը զգալիորեն բարձր լինեն տնտեսական աճի միջազգային միջին տեմպերից, որպեսզի աստիճանաբար կրճատվի Հայաստանի եւ զարգացած երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշների տարբերությունը:

Նա կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները և ներկայիս տնտեսական իրավիճակը՝ պետությունը պրոակտիվ ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության մեջ. «Պետությունը պետք է խրախուսի եւ խթանի հատկապես մրցունակ, արտահանման մեծ պոտենցիալ ունեցող եւ հիմնականում տեղական ռեսուրսների վրա հիմնված ոլորտները եւ, ինչու չէ, նաեւ կոնկրետ ծրագրերի զարգացումն ու իրականացում»:

Սերժ Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է շարունակաբար բարելավել բիզնես միջավայրն ու վերացնել գործարար խոչընդոտները՝ հաշվի առնելով նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցների, մասնավորապես՝ գործարարությամբ զբաղվելու և մրցունակության զեկույցները: «Դրանք մեր տնտեսությունը համադրելի են դարձնում 150-ից ավելի տնտեսությունների հետ եւ մատնանշում են այն խնդիրները, որոնց լուծումները կբարելավեն Հայաստանի գրավչությունն ու մրցունակությունը: Մեր նպատակն է առաջիկա 4-5 տարիների ընթացքում գործարարությամբ զբաղվելու «Դուինգ բիզնեսի» վարկանիշով առաջադիմել մինչեւ առաջին 20-յակը եւ հետագա տարիներին կայուն տեղ զբաղեցնել առաջին 15 հորիզոնականներում: Սա մեզ շատ է հարկավոր։

«Մասնավորապես, 1990-2015 թվականների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2 միլիարդ 257 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 10 միլիարդ 529 միլիոն ԱՄՆ դոլարի՝ աճելով մոտ 4.7 անգամ: 2016-2040 թվականների ընթացքում եւս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ եւ հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ եւ կես անգամ աճ:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները»,-ասաց նախագահը:

Արտահանման խթանման և մրցունակության բարձրացման հետևանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների և ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչեւ ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետև նույն միտումը պահպանելով՝ այն 2040 թվականին պետք է հասնի մինչեւ ՀՆԱ 50-55 տոկոսը, նշել է երկրի առաջնորդը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր