
Ամերիաբանկը՝ որպես Sevan Startup Summit 2017-ի գլխավոր գործընկեր, ANIX ստարտափին հուլիսի 30-ին շնորհել է Big Battle-ի գլխավոր մրցանակը:
Հաղթողն ընտրվել է ժյուրիի միաձայն քվեարկության արդյունքում՝ ներկայացնելով հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բիզնես ծրագիր, հայտնում են Ամերիաբանկում:
Սամմիթը հյուրընկալել էր ավելի քան 1000 մասնակիցների եւ հյուրերի, որոնց թվում էին 100 ստարտափներ եւ ծրագրավորողների թիմեր, մենթորներ, դասախոսներ, բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչներ, լրագրողներ:
Երեք մրցութային օրերի ընթացքում անցկացվել է 7 մրցույթ, մասնակից ստարտափներից 18 թիմ արժանացել է տարբեր մրցանակների: Դրամական մրցանակներից բացի, մի շարք մասնակիցներ ստացել են խորհրդատվական ծառայության մատուցման եւ վերապատրաստումների հրավերներ:
Սամմիթի ընթացքում կազմակերպվել են տարբեր դասախոսություններ, գործել է CampFire Talks ձեւաչափը, որին մասնակցել է նաեւ Ամերիաբանկը` ի դեմս Վճարային քարտերի սպասարկման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի, որը մասնակիցներին ներկայացրել է, թե ընկերություններն ինչպես կարող են կազմակերպել էլեկտրոնային առևտուր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



