
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով հերթական միջոցառումը գարեջրասերների համար էր: Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած և մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի կողմից սիրված Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը:
Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, միջոցառման ընթացքում հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, մայրաքաղաքի գարեջրատները, սրճարաններն ու փաբերը մասնակիցներին ներկայացրել են հայկական գարեջրագործության լավագույն ավանդույթները, ինչպես նաև գարեջրի ստեղծման շուրջ երեքհազարամյա պատմությունը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, նաև քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը: Մարիա Բարաղամյանը կարևորել է Երևանի գարեջրի փառատոնի դերը մայրաքաղաքի միջոցառումային զբոսաշրջության զարգացման գործում: «Այս փառատոնը, որը «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոներից հետո երրորդ զբոսաշրջային բաղադրիչ պարունակող խոշոր միջոցառումն է, արդեն հասցրել է սիրվել ոչ միայն մեր համաքաղաքացիների, այլ նաև բազմաթիվ զբոսաշրջիկների կողմից: Մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է»,- նշել է Մարիա Բարաղամյանը:
Կարապի լճի հարակից տարածքում տեղադրված տաղավարներում, ավանդույթի համաձայն, մասնակիցներին գարեջրի բազմաթիվ տեսականիներ և խորտիկներ են առաջարկել «Երևանի գարեջուր», «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ», «Կոտայք» գարեջրի գործարանները, «Beer Academia» գարեջրի գործարան-ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցել են նաև «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները: Մասնակից ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ փառատոնը հիասքանչ հնարավորություն է մարդկանց և հատկապես զբոսաշրջիկներին ներկայացնելու հայկական գարեջրագործությունը, դրա լավագույն ավանդույթները և պատմությունը: Նրանք վստահեցրել են, որ մայրաքաղաքի հյուրերը հիացած են հայկական գարեջրի և բազմատեսակ խորտիկների համով: Փառատոնի ընթացքում ներկաների համար կազմակերպվել են մի շարք հետաքրքիր մրցույթ-խաղեր. հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով, որոշել նրբերշիկի համը, արագորեն մաքրել գետնանուշը, արագորեն ուտել խեցգետին և այլն: Հաղթողներն արժանացել են Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և մասնակից ընկերությունների անակնկալ նվերների: Երեկոն ավելի հետաքրքիր է դարձրել հագեցած համերգային ծրագիրը: Կենդանի հնչողությամբ հանդես են եկել «Aleksandrapol» խումբը, DJ Leo-ն: Միջոցառման ավարտին Երևաի գարեջրի 4-րդ փառատոնի բոլոր մասնակիցներին տրվել են շնորհակալագրեր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



