
Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում կայացել է PwC Արմենիա ընկերության գրասենյակի բացման 10-ամյակին նվիրված տոնակատարությունը, որին ներկա էին PwC Արմենիա ընկերության հաճախորդներն ու պաշտոնատար անձինք, PwC-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանների գործընկերներ, ինչպես նաև PwC Արմենիայի նախկին և ներկա աշխատակիցներ:
«Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ղեկավարների անունից թույլ տվեք շնորհավորել Հայաստանի մեր թիմին՝ 10-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Հաջողության գրավականն է ունենալ հզոր թիմ, և ստեղծելով մեր գրասենյակը Հայաստանում, կարծում եմ, որ մենք կարողացանք հասնել այն նպատակին, որն ունեինք՝ ստեղծել թիմ, որը կներկայացնի PwC-ի արժեքները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին, քանի որ ձեր շնորհիվ է, որ մենք այսօր այստեղ ենք, և մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ՝ նվիրումի և վերջին տասը տարիների ընթացքում մեզ հետ համագործակցելու համար»,- իր ողջույնի խոսքում ասաց PwC-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գործադիր գործընկեր պարոն Թոդ Բրեդշոուն:
PwC Արմենիայի 10 տարվա աշխատակիցներին պարգևների և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո մեր հյուրերը վայելեցին ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի և Մալխաս Ջազ Բենդի ելույթը, որին հաջորդեց ծննդյան տորթի կտրման գեղեցիկ արարողությունը:
157 երկրում ավելի քան 223,000 աշխատակից ունեցող «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ը պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ցանցերի շարքում հանդիսանում է առաջատարներից մեկը: «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ը 2007 թվականի սեպտեմբերից բացել է իր գրասենյակը Երևանում: Տեղական մասնագետների գիտելիքի համադրումն ու գլոբալ ռեսուրսների հզոր ցանցը PwC-ին թույլ են տալիս մատուցել հայկական միջավայրին հարմարեցված լուծումներ բարդ բիզնես խնդիրների համար: PwC-ի առաքելություններից մեկն է նաև միջազգային ամենալավ փորձը ներմուծել Հայաստան և ունենալ ներդրում հայկական բիզնեսի և գործարար միջավայրի զարգացման գործում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



