
«Հյուսիս-Հարավ» մայրուղու Աշտարակ-Լանջիկ հատվածի 1 կմ կառուցումը 3.5 մլն դոլար է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը, համեմատության համար նշելով, որ Երևան - Աշտարակ և Երևան - Արտաշատ արդեն կառուցված հատվածներն, օրինակ, արժեցել են 1 կմ-ի համար 2 մլն դոլար:
Ճանապարհի մնացած 350 կիլոմետրի՝ Արտաշատից Մեղրի և Գյումրիից Բավրա անավարտ հատվածների մասով աշխատանքներ սկսելու վերաբերյալ այս պահին կոնկրետ ծրագրեր չկան, և ԱԶԲ-ին դեռևս հայտ չի ներկայացվել այդ աշխատանքները ֆինանսավորելու համար:
Ի սկզբանե նախատեսված էր շինարարույթունն ավարտել 2016 թվականին, բայց նույնիսկ այսօր լիազորված պաշտոնյաները խուսափում են նշել այդ ծրագրի ավարտի հստակ ժամկետը:
Հիշեցնենք, 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող <<Հյուսիս–Հարավ>> միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներին ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։
Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին: «Հյուսիս-Հարավ» ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



