jkjhkjhkj

27-09-2017 21:03 2627

m

 

Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն՝ Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքը` 137 երկրի շարքում զբաղեցնելով 73-րդ տեղը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով զեկույցի հիմնական արդյունքները:


Նշենք, որ նախորդ տարի 138 երկրի շարքում Հայաստանը զբաղեցնում էր 79-րդ տեղը:

Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա:

Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը երկու ցուցանիշով է գրանցել վատթարացում՝ մակրոտնտեսական միջավայր և տեխնոլոգիական պատրաստվածություն, իսկ մնացած 10 հենասյուների ցուցանիշներում գրանցել է բարելավում:

Մասնավորապես, զգալի առաջընթաց են գրանցել առողջապահության և տարրական կրթության, նորարարության, գործարարության կատարելագործվածության, ինստիտուտներ և ապրանքների շուկայի արդյունավետության հենասյուները: Որոշ դրական փոփոխություններ են գրանցել նաև շուկայի չափ, ենթակառուցվածքներ, աշխատուժի շուկայի արդյունավետություն հենասյուների ցուցանիշները:

Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ բիզնես սկսելու հետ կապված գործընթացների քանակը և ժամկետները հաստատուն կերպով մնում են Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում: Հայաստանի ուշագրավ առավելություններին են դասվում նաև հարկման ցածր բեռը և աշխատանքի ընդունման կամ հեռացման ճկունությունը: Իսկ մրցակցային թերություններն այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով, նավահանգստային ենթակառուցվածքի որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով, գնահատում են ամենամոտ նավահանգիստը), արտաքին շուկայի չափի համաթիվ:

ԱՊՀ տարածաշրջանի երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Ռուսաստանը (5 կետով), Ադրբեջանը (2 կետով), Մոլդովան (11 կետով) և Ղրղզստանը (9 կետով): Հետընթաց են արձանագրել Վրաստանը (8 կետով), Ղազախստանը (4 կետով) և Տաջիկստանը (2 կետով): Ուկրաինան դիրքը բարելավել է 4 կետով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր