jkjhkjhkj

25-10-2017 17:20 2364

med 2

 

ԵԱՏՄ շրջանակում մենք աշխատում ենք ձևավորել ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի ավելի հեշտ համակարգ. այսօր Հայաստանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Սա հեշտ գործ չէ, անհրաժեշտ է երկար և քրտնաջան աշխատանք կատարել: Սա կլինի մեր համատեղ քննարկումների, փոխզիջումների և որոշումների արդյունքում»,- նշեց ՌԴ վարչապետը։

Մեդվեդևի համոզմամբ՝ ԵԱՏՄ շուկայի պոտենցիալը գնալով ավելի տեսանելի է դառնում։ Նրա տեղեկացմամբ՝ ընթացիկ տարում ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 28 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 26 տոկոսով:

«Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր մաքսային օրենսգիրքը։ Ի տարբերություն գործողի՝ սա ավելի հասուն փաստաթուղթ է։ Կարծում եմ՝ մեծ ձեռքբերում է, որ կարողացանք այս հարցի շուրջ համաձայնության գալ: Այս փաստաթուղթը սահմանում է մաքսային սահմանից ապրանքների փոխանակման հստակ կանոններ»,- հայտնեց Դմիտրի Մեդվեդևը:

ՌԴ վարչապետը նաև խոսեց միությունում առկա խնդիրների մասին։ Մասնավորապես՝ նա ընդգծեց, որ ապրանքափոխանակման ոլորտում խնդիրները պետք է վերացվեն:

Նա ասաց, որ անհանգստացած է այս պահին շաքարի շուկայում տիրող իրավիճակով: ՌԴ վարչապետի տեղեկացմամբ՝ շաքարի գինն անհամեմատ իջել է, և պայմանավորվածություն կա այս ուղղությամբ ուսումնասիրություն անել և բոլորին ձեռնտու որոշում կայացնել:

Ռուսաստանի վարչապետը նաև հայտնեց, որ հաջորդ տարի ԵԱՏՄ նախագահությունն անցնելու է ՌԴ-ին. «Մենք պետք է շարունակենք աշխատանքը ու ամրացնենք ներկայումս ձեռքբերվածը»:

 

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր