
«Արմենիա» ավիաընկերությունը, Ամանորին ընդառաջ, մշակել է նոր սակագնային քաղաքականություն: Ավիաընկերության դեպի Հայաստան բոլոր կանոնավոր չվերթերի տոմսերը կլինեն ավելի մատչելի: Մասնավորապես` Թել Ավիվից Երևան դեկտեմբերի 31-ին, իսկ վերադարձի տոմսը հունվարի 4-ին կամ 7-ին գնելու դեպքում «Արմենիայի» ուղևորները կվճարեն ընդամենը 148 եվրոյին համարժեք դրամ: Նշենք, որ տվյալ ուղղության համար առաջարկվող այս գինն ամենացածրն է այս ուղղության համար երբևէ առաջարկվածներից:
Վաճառքում արդեն կա 55 եվրո գնով` Միներալնիե Վոդիից Երևան և 95 եվրո` Երևանից Միներալնիե Վոդիի չվերթերի տոմսերը, որոնք գործում են դեկտեմբերի 7-ից սկսած բոլոր չվերթերի համար: Վորոնեժից Երևան ուղևորները կկարողանան ժամանել 49, 85 կամ 129 եվրոյին համարժեք դրամ գնով տոմսերով:
Ամանորի ևս մեկ նորամուծությունը Բեյրութ-Երևան և հակառակ ուղղության համար հաստատված նոր սակագներն են: Հատկանշական է, որ դեռևս մի քանի տարի առաջ այս ուղղությամբ ավիատոմսերի գները ամառվա և Ամանորի սեզոնին ռեկորդային բարձր էին՝ հասնելով մինչև 500 եվրոյին համարժեք դրամի: Դեկտեմբերի 18-ից Բեյրութից Երևան չվերթերի տոմսերը հասանելի կլինեն 140 եվրոյին համարժեք դրամով, իսկ Երևանից Բեյրութ տոմսերը` սկսած 148 եվրոյով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



