
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ն կհամագործակցի գյուղատնտեսության նախարարության հետ՝ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով:
Ըստ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության` համապատասխան հուշագիրն այսօր ստորագրել են նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ու «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը:
«Այս ծրագրին արդեն մասնակցում են երկու ֆինանսական կառույցներ՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն, իսկ այսօրվանից ծրագրին միացել է նաեւ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ն, ինչը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ այս ոլորտում որակյալ ֆինանսական կառույցների առկայությունն ու փորձառությունը կհանգեցնի գյուղատնտեսության ոլորտի ավելի մեծ ֆինանսավորման: Կարծում եմ՝ նման ծրագրերը կնպաստեն, որպեսզի մենք ավելի շուտ անցում կատարենք սոցիալականից դեպի արդյունաբերական գյուղատնտեսության»,- նշել է Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ծրագրից օգտվելու համար մարզերում հավաստագրերի տրամադրման դասընթացներն են անցկացվում, այս պահին կա շուրջ 5 հազ. դիմորդ, որոնցից 1700-ը մասնակցել է դասընթացներին, իսկ 1300 դիմորդ արդեն ստացել է հավաստագիր:
Արմեն Գաբրիելյանն էլ վստահություն է հայտնել, որ այս ծրագիրը հնարավորություն կընձեռի ֆերմերներին բարելավել իրենց տնտեսությունները:
«Կարծում եմ՝ այս ծրագիրը մասնակիորեն կլրացնի այն բացը, որն այսօր առկա է մեր երկրի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում»,- նշել է նա:
Արմեն Գաբրիելյանի խոսքով՝ ծրագրին մասնակցել ցանկացողների համար իրենց ծառայությունները հասանելի կլինեն հանրապետության բոլոր մարզերում՝ բացառությամբ Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի:
Նախարարությունում հիշեցրել են, որ ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամի վարկեր՝ տարին 5% : Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների եւ գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



