
ԱՊՊԱ պայմանագրեր ցանկացած ապահովագրական ընկերության հետ հնարավոր կլինի կնքել նաև առցանց՝ սահմանվածից 5%-ով ցածր ապահովագրավճարով:
Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, պայմանագրի առցանց կնքումը պարզ գործընթաց է և տևում է առավելագույնը 3-4 րոպե,
վճարումն իրականացվում է պայմանագրի կնքման պահին՝ ցանկացած վճարային քարտի միջոցով, իսկ ապահովագրության վկայագիրը կնքումից անմիջապես հետո ուղարկվում է վկայագրում նշված՝ ապահովադրի էլեկտրոնային հասցեին:
Ճանապարհային ոստիկանությունն ավտոմեքենաների վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրերի առկայությունը ստուգում է ՃՈ և ԱՊՊԱ տեղեկատվական համակարգերի միջեւ իրական ժամանակի ռեժիմում իրականացվող հարցումների միջոցով:
ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման համար կարելի է այցելել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի պաշտոնական կայքի «ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքում» բաժին, www.aswa.am կայք կամ ցանկացած ապահովագրական ընկերության պաշտոնական կայք։
Բյուրոյում նաև տեղեկացրել են, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում նախատեսվում է ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորություն ստեղծել նաև կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների, մասնավորապես՝ «Թել-Սել», «Իզի Փեյ», «Մոբի Դրամ» եւ «Իդրամ» կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով, ինչի մասին բյուրոն լրացուցիչ կիրազեկի։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



