
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին:
Ողջունելով հյուրին Հայաստանի կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ հատկանշական է, որ նման բարձր մակարդակի այցը տեղի է ունենում Հայաստանի և Նիդեռլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այցը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդել երկկողմ կապերին և, մասնավորապես, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը, որի մակարդակը ցանկալիից ցածր է, բայց ներուժը՝ մեծ:
«Պատրաստ ենք կազմակերպելու գործարարների պատվիրակությունների փոխայցելություններ, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ Հայաստանի ներդրումային հնարավորություններին, ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարության կողմից ձևավորված նպաստավոր օրենսդրական դաշտին և ուսումնասիրել Հայաստանը՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու հարթակ օգտագործելու հեռանկարները», - նշել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, ճանապարհաշինության, ջրային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ադամանդագործության և այլ ոլորտներում գործակցության զարգացումը:
Նիդեռլանդների Սենատի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ քաղաքական երկխոսության մակարդակը և նշել, որ իր երկիրը ևս կարևորում է Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը:
«Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս կարևոր տեղ զբաղեցնել տարածաշրջանում ու տնտեսական առումով կամուրջ հանդիսանալ Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև: Ինչպես Հայաստանի հետ, այնպես էլ Հայաստանի միջոցով տարբեր երկրների հետ համագործակցելու և հարաբերություններ զարգացնելու հնարավորություններ կան», - ասել է Անկի Բրուկերս-Քնոլը: Սենատի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի՝ գործարար կապերի ակտիվացմանն ուղղված փոխայցեր կազմակերպելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել աշխատել այդ ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են նոյեմբերին ստորագրվելիք Հայաստան-Եվրոպական համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ համակարծիք լինելով, որ այն կնպաստի ինչպես ԵՄ շրջանակում, այնպես էլ երկկողմ կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



