
Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով, Մեղրիում ազատ տնտեսական գոտու բացումը նշանակալի իրադարձություն է, քանի որ այն կնպաստի մեր երկրի տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության ձեռքբերումների առավել արդյունավետ օգտագործմանը՝ հօգուտ երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման:
Հիշեցնենք, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ: Գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու կառուցումը նախատեսված է իրականացնել երկու փուլով:
Առաջին փուլով պետք է ստեղծվեին նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ ԱՏԳ-ն գործարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում աշխատանքները կազմակերպելու համար, ինչն արդեն իսկ իրականացվել է:
Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների ընդլայնում, տարածքի հավելյալ ավելացում 70 հեկտարով՝ այսպիսով ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես գործունեություն ծավալելու համար: Վերոնշյալ տարածքի շուրջ 50 հեկտարը կհատկացվի շահագործողներին՝ իրենց գործունեությունը կազմակերպելու համար, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները նախատեսված են գրասենյակային և այլ ծառայությունների համար։
Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար, թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն՝ ներառյալ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները։
Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղեր և կարտահանեն շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ և ծառայություններ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



