
Այսօր նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով 6 % մակարդակը:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերին արձանագրվել է 2.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա ընթացքում ավելացել է՝ ամսվա վերջի դրությամբ կազմելով 2.2%: Ակնկալվում է, որ տարեվերջին, ինչպես և սպասվում էր, 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանում:
Արտաքին հատվածում փաստացի զարգացումները հիմնականում համահունչ են եղել ԿԲ կանխատեսումներին, այսինքն՝ շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման և միջազգային ապրանքային շուկաների գնաճային միտումները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդն շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ որոշակի գնաճային ազդեցություններ:
Խորհուրդն արձանագրել է, որ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է սպասվածին մոտ տնտեսական աճ: Միևնույն ժամանակ հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը զգալիորեն գերազանցել է ակնկալիքները, որը պայմանավորվել է հատկապես ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով: Ներքին մասնավոր պահանջարկը նույնպես ավելի բարձր է սպասվում քան կանխատեսվում էր, որին շարունակում է նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը և ցածր գնաճային միջավայրը: Ներքին պահանջարկի ավելացումը շարունակում է արտահայտվել առևտրի և ներմուծման բարձր աճերում, ինչպես նաև բնականոն գնաճի և գնաճային սպասումների վարքագծում:
«ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա խթանող մակարդակը՝ հաշվի առնելով պահանջարկի վերականգնման կայունությունն ապահովելու անհրաժեշտությունը և գնաճային սպասումների վրա ակցիզային դրույքաչափերի և մաքսատուրքերի փոփոխության ազդեցության գերագնահատված լինելը: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջինժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար:
Խորհուրդը գնահատում է նաև, որ գնաճի ընթացիկ եռամսյակի ծրագրից դեպի վերև շեղման ռիսկերը ավելանում են և հաստատում է իր պատրաստակամությունը դրանց դրսևորման պարագայում համապատասխանորեն ճշգրտելու դրամավարկային քաղաքականության պայմանները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գների կայունությունը»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



