
Վարչապետն այսօր այցելել է ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017-ի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, նաև 2018-ի անելիքներին:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնել է, որ 2017 թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 237 մլրդ դրամ, ինչը 5,6% գերազանցել է 2016-ի ցուցանիշը: Վարչապետը հանձնարարել է հանրությանը ներկայացնել պետբյուջեի գերակատարման արդյունքները: Բացի այդ ` Ֆինանսների նախարարության գնահատականով՝ 2017 թ. տնտեսական աճը կանխատեսված 4.3% փոխարեն կկազմի 6.7%, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ կդառնա 3800 դոլար:
Ֆինանսների նախարարության անելիքը այս տարի շատ է: Նախատեսում են բարելավել կառավարության պարտքի կառավարումը: Բացի այդ` Ֆիննախը կշարունակի կատարելագործել հարկային օրենսդրությունն ու միջազգային հարկային համագործակցությունը: Կբարձրացվի նաև ՊՈԱԿ-ների գործունեության թափանցիկությունը:
«2018 թվականը չափազանց կարևոր է. նախ մեր ֆինանսական կարգապահությունը, ծախսերի հետևից գնալը պետք է մաքսիմալ հետևողական լինի, հասցնենք այն օբյեկտիվ անհրաժեշտությանը, որը կա: Երկրորդ՝ մենք այս տարի պետք է երկարատև կայուն աճի, կապիտալ ենթակառուցվածքային և այլ ծախսերի հիմքեր դնենք: Երրորդ՝ մենք պետք է անցնենք 2019 թ. բյուջեն նոր կարգավիճակով տրամադրելու: Չորրորդ ՝ վարկային դրամաշնորհային քաղաքականության մեջ պետք է ունենանք հստակ մի օղակ, որը հսկում է և ազդակներ է տալիս, թե ինչ է կատարվում: Հինգերորդ՝ պետք է մտածենք պետական կառավարման համակարգի բարեփոխումների մասին», - նշել է վարչապետը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



