
Լեհաստանում Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ, Blue Idea ընկերության նախագահ Լուկաշ Վալերյանը Գյումրիում հայտարարել է նոր գործի մեկնարկի մասին. լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կփոխանցվեն Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի մասնագետներին ու ստարտափերին։
Blue Idea ընկերությունը լեհական շուկայի համար արդեն մշակել է մարքեթինգի և PR ռազմավարություն՝ Հայաստանի տնտեսական ներուժը, ընկերությունը և այս նախաձեռնությունը ներկայացնելու համար: Ավելի ուշ սպասվում է Blue Idea ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացումը։
Լեհաստանում արագորեն աճում է ՏՏ ոլորտը, երկրում շատ են որակյալ ծրագրավորողները, սակայն շուկան շարունակում է մասնագետների մեծ պահանջարկ ձևավորել, ուստի, լեհական ընկերությունները հետաքրքրված են իրենց նախագծերի մի մասը արտերկրի մասնագետներին պատվիրելու հարցով։ Նպատակ ունենալով աջակցել երկու երկրների տնտեսությունների զարգացմանը, Blue Idea-ն նախաձեռնել է լեհական և հայաստանյան ՏՏ ընկերությունների միջանկյալ օղակի դերը։
ՀԶՀ ներկայացուցիչ Լուկաշ Վալերյանը Շիրակի մարզ այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մարզպետ Արթուր Խաչատրյանի և քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:
«Լեհաստանում զարգանում է ՏՏ ոլորտը և երկրում ծրագրավորողների ու մասնագետների պակաս կա։ Ես, որպես ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ և իմ ղեկավարած Blue Idea ընկերությունը, որպես միջանկյալ օղակ, թիմ, հավաքագրելու ենք լեհական ՏՏ ընկերությունների նախագծերը և, որպես պատվերներ, փոխանցելու ենք Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող բարձրակարգ մասնագետներին»,- նշել է Լուկաշ Վալերյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



