
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեին՝ կոչ անելով պետության արտաքին օգնության հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և անդամ Նիտա Լոուեյին՝ 2019 թվականի ֆինանսական տարում աջակցել Արցախին և Հայաստանին 70 մլն ԱՄՆ դոլար օգնություն տրամադրելու փաթեթին:
«Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ուղղել կոնգրեսմեն Փալոնեին, հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունում նրա գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր միացել են Արցախի և Հայաստանի համար «խաղաղության և բարգավաճման» փաթեթին աջակցելու գործին»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: Հայկական հարցերով հանձնախմբի առաջարկած գումարն ու քաղաքական առաջնահերթությունները համապատասխանում են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կողմից առաջարկված օգնության ծավալներին, որոնք փետրվարին ներկայացվել էին Սենատին: Այն ենթադրում է 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախին. 6 մլն ԱՄՆ դոլարը՝ ավարտին հասցնելու ականազերծման աշխատանքները, օգնություն ցուցաբերելու հաշմանդամներին, իսկ 4 մլն ԱՄՆ դոլարը՝ աջակցելու խաղաղության հաստատման Ռոյս-Էնգել առաջարկին: Հայաստանին առաջարկվում է տրամադրել 60 մլն ԱՄՆ դոլար. 30 մլն ԱՄՆ դոլարը՝ որպես տնտեսական աջակցություն, 10 մլնը՝ ռազմական օգնություն և 20 մլնը՝ օգնելու Հայաստանին ծառայելու որպես մերձավորարևելյան շրջանից եկող փախստականների համար ապահով վայր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



