
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով հօգուտ գործարար միջավայրի կատարելագործվել է հարկային վարչարարությունն՝ առավել բարենպաստ պայմաններ ապահովելով ԱԱՀ վճարողների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ Հարկային օրենսգրքի 74-րդ հոդված համաձայն, եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջողորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի փոխհատուցվող գումար, ապա գրավոր դիմումի հիման վրա, օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով, ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում՝ այդ գումարը մուտքագրվում է միասնական հաշվին:
Տիգրան Կիրակոսյանը հայտնեց, որ մարտի 21-ի դրությամբ, ՊԵԿ-ն արդեն ստացել է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ուսումնասիրության 34 դիմում՝ 8 միլիարդ 6 միլիոն 538 հազար դրամ պահանջված գումարով: Ավարտված 9 ուսումնասիրությամբ հիմնավորվել է 464 միլիոն 261 հազար դրամ, որն էլ մուտքագրվել է միասնական հաշվին, իսկ հիմնավորված չի համարվել 75 միլիոն 196 հազար դրամը: Նշվեց նաև, որ ևս 25 դիմում ուսումնասիրվում է:
«Սա նոր իրողություն է Հարկային օրենսդրության մեջ: Մինչև 2018 թվականը ԱԱՀ-ի փոխհատուցվող, այսինքն՝ դեբետային գումարները կարող էին ուղղվել միայն հարկ վճարողի ԱԱՀ-ի մասով առաջացող հետագա պարտավորություններին, իսկ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող (արտահանման) գործարքների դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի դիմումի հիման վրա ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում` կարող էին հաշվանցվել կամ վերադարձվել»,- ասաց վարչության պետը:
Նրա փոխանցմամբ՝ 2017թ-ի ընթացքում արտահանման գործարքներ իրականացնող տնտեսվարողներին վերադարձվել է 59 մլրդ 950 մլն դրամ գումար, ինչը 2016թ-ի ցուցանիշը գերազանցել է 11 մլրդ 757 մլն-ով կամ 24.3%-ով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



