
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
ԱՄՆ դեսպանը կարևորել է Ամուլսարի ոսկու հանքը շահագործող Լիդիան-Արմենիա ընկերության, որպես միջազգային խոշոր ներդրումային ծրագրի, գործունեության շարունակականությունը:
Փոխվարչապետ Ավինյանը վստահեցրել է, որ նոր կառավարությունը անաչառ ուսումնասիրություններ է իրականացնելու՝ վեր հանելու Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի ընդհանուր պատկերն ու համապատասխանությունը միջազգային և պետական ստանդարտներին, և, որ այդ ստուգումները պետք է կազմակերպվեն բոլոր ձեռնարկություններում՝ թափանցիկ ու բոլոր կողմերի համար արժանահավատ ձևաչափով: Իսկ ստանդարտներին համապատասխան ձեռնարկությունները պաշտպանված են լինելու պետության կողմից:
Կողմերը նաև քննարկել են Հայաստանի մրցունակությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նոր համաձայնագրի համար: ԱՄՆ դեսպանը խոստացել է առաջիկայում անդրադառնալ այդ հարցին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



