Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է չինական գործարար շրջանակի ներկայացուցիչներ Քուիու Հուինին, Ժան Յինին, Քուիու Ֆենգին և Չեն Ուեի Քինին:
Կողմերը քննարկել են զբոսաշրջության խթանմամբ ուղևորահոսքերի ծավալներն ընդլայնելու հնարավորությունները՝ այս համատեքստում կարևորելով զբոսաշրջիկների թվի ավելացման, վիզային ռեժիմի ազատականացման, օդային ուղիղ չվերթների կազմակերպման խնդիրները:
Քննարկվել է նաև Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումների, հայկական գյուղմթերքի և կոնյակի արտահանմանն առնչվող հարցեր: Խոսել են չինական սուպերմարկետները հայկական գյուղատնտեսական արտադրանքի սպառման շուկայում ներգրավելու հնարավորության մասին: Չինական կողմի ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստվում են հանդիպել գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
Փոխվարչապետը ներկայացրել հայ-չինական գործընկերային հարաբերությունների բնույթը, երկկողմ և բազմակողմ պայմանագրերով ստեղծված առևտրաշրջանառության խթանման հնարավորությունները, խոստացել Չինաստան այցելելու դեպքում առավել մանրամասն անդրադառնալ համագործակցության խթանման խնդիրներին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


