jkjhkjhkj

26-07-2018 12:23 3332

IMG 2114

 

Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 278 մլն 999.5 հազար դրամ՝ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ծրագրի արժեքի մինչև 60% համաֆինանսավորվում է պետբյուջեից, իսկ սոցիալական ենթակառուցվածքների՝ մանկապարտեզի, մշակութային տների կառուցման, վերանորոգման գործընթացի պարագայում` պետության կողմից համաֆինանսավորվում է ծրագրի արժեքի մինչև 40%։

«2018 թ. առաջին հինգ ամսում համայնքները ներկայացրել են 185 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած երեք նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի հավանության է արժանացել 84-ը: Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի իրականացման մրցութային գործընթացը»,- ասաց նախարարը: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը սուբվենցիաների ծրագրով պատրաստ է այս տարի հատկացնել 10 մլրդ դրամ և հավելեց, որ գործադիրն այս ոլորտում դեռևս չի կարողանում աշխուժություն ապահովել: «Մենք խոստացել ենք սուբվենցիաների ծրագրերով 10 մլրդ դրամ հատկացնել այս տարի, բայց առայժմ թվերը պտտվում են 200-300 մլն դրամի շրջանակներում»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր