Դիլիջանում արդեն գործում է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Այն բացվել է օգոստոսի 17-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու 15/2 հասցեում:
Կենտրոնը կառուցվել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ` համագործակցելով Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ:
Կենտրոնն ունի առանձնացված մի քանի հատված` հեծանիվների, վրանների և արշավի համար նախատեսված այլ պարագաների վարձույթի և տարածաշրջանում առաջարկվող զբոսաշրջային փաթեթների մասին տեղեկատվության տրամադրման համար (հայերեն, ռուսերեն և անգլերեն):
«Կենտրոնը երկհարկանի է և երկրորդ հարկում գտնվում է թրեյնինգների կենտրոնը` հագեցած համակարգիչներով, և խոհանոցը: Զբոսաշրջիկները անհրաժեշտության և ցանկության դեպքում կարող են օգտվել համակարգիչներից, որպեսզի համացանց մուտք գործեն»,- հայտնել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Տաթևիկ Սարգսյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


