
Հայաստանի Հանրապետությունը հպարտ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամակցությամբ: Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր ցանկանում եմ վերստին ասել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ այս Գագաթաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին։ Այդ առնչությամբ մենք լիովին գիտակցում են մեզ վրա դրված պատասխանատվությունը և ցանկանում ենք, որ այդ իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա որպես Կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի բացառիկ պահերից մեկը, ինչպես նաև ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում։ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում». սա է Հայաստանի կողմից առաջարկված թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև մեր աշխատանքներում»,- ասաց վարչապետը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Ֆրանկոֆոն անդամ պետությունների ղեկավարներին, նշեց, որ ուրախ է նրանց ողջունել Հայաստանում ու 2800-ամյա մայրաքաղաք Երևանում: «Ես և ողջ հայ ժողովուրդն ուրախ ենք Երևանում հյուրընկալել ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը։ Մաղթում եմ բարի գալուստ Հայաստան։ Քրիստոնեության բնօրրան, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող հավերժական Հայաստան, որն այս ամիս նշում է իր մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը։ Իրական, ամուր ինքնություն, ստեղծարար էներգիա, դինամիկություն ունեցող Հայաստան, որն ապրել է 1915 թվականի Ցեղասպանության ողբերգությունը և այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով իր ապագայի համար։ Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «Թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների և կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց «Միասին ապրելու» կամքը ազատ, արդար և համերաշխ հասարակության մեջ»,- նշեց վարչապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը եզրափակեց՝ դիմելով ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների երիտասարդներին. «Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ մենք կարևորում ենք այն նպաստը, որը դուք ունեք Գագաթաժողովի թեմայում, և ձեզ կոչ անել համախմբվել մեզ միավորող «Ապրել միասին» գաղափարի արժեքների առաջմղման համար՝ մեզ հետ միասին նպաստելով ավելի արդար ու հանդուրժող աշխարհի կերտմանը»։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



