Տավուշի մարզի Աչաջուր համայնքում կայացել է ՀՀ կառավարության և միջազգային ու հայաստանյան կազմակերպությունների համատեղ ջանքերով կյանքի կոչված երկու գյուղատնտեսական մասնագիտացված կենտրոնների պաշտոնական բացումը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID) ֆինանսավորմամբ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ՀԿ-ի ու «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI/ԱՐԴԻ) ծրագրի և CARD հիմնադրամի համագործակցության շրջանակում Աչաջուր համայնքում հիմնվել է Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Մասնագիտացված կենտրոնն ուղղված է ոչ միայն Տավուշում խաղողագործության (այգիների աճեցում և կառավարում) զարգացմանը, այլև նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը Հայաստանում:
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (PRP) ծրագրի շրջանակներում CARD հիմնադրամը Սպասարկման կենտրոնին կից հիմնել է նաև Գինեգործական փորձացուցադրական արտադրամաս: Այն հարթակ կհանդիսանա խաղողագործության և գինեգործության ոլորտի արդի տեխնոլոգիաների և միջազգային փորձի կիրառման և տարածման համար:
Կենտրոնի տեխնիկան ապահովել է ԱՐԴԻ ծրագիրը, իսկ նախաձեռնության տեխնիկական աջակցությունը ցուցաբերվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը:
Նորաբաց այս երկու կենտրոնները միտված են զարգացնելու խաղողագործությունը, գինեգործությունը և տուրիզմը Տավուշի մարզում։ CARD հիմնադրամը հուշագիր է ստորագրել Ֆրանսիայի խաղողագործության և գինեգործության ինստիտուտի հետ` ֆիլոքսերադիմացկուն խաղողի տնկանյութի համատեղ արտադրության նպատակով մասնագիտական աջակցության տրամադրման շուրջ։ Այս գործընթացը ֆինանսավորվում է նաև Պեռնո Ռիկար խմբի Երևանի կոնյակի գործարանի կողմից:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


