Այսօր Ազգային ժողովը, ինչպես սպասվում էր, վարչապետ չընտրվեց. «Ելք» խմբակցության կողմից վարչապետի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ էր մեկ պատգամավոր, 11 ձեռնպահ։ Կողմ պատգամավոր չեղավ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնում իր առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ՝ շեշտելով, որ ինքն առաջադրվել է ոչ թե վարչապետի պաշտոնում ընտրվելու, այլ չընտրվելու համար:
«Հետևաբար, Ազգային ժողովն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին: Իսկ առաջադրման իմաստն առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է: Այս պահին կարող եմ նշել, որ միանշանակ է և աներկբա, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք, ի վերջո, պետք է դառնան Հայաստանում 2018թ. տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը», - ընդգծել էր Նիկոլ Փաշինյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


