
Երևանում մեկնարկել է «Հայաստան. կայուն էներգետիկայի զարգացման փարոս» խորագրով համաժողովը, որի նպատակն է ծավալել կայուն էներգետիկայի ոլորտում գոյություն ունեցող մարտահրավերների և դրանց լուծման հաջողությունների բազմակողմանի քննարկում՝ ԵՄ նոր հարևանության երկրների մասնակցությամբ:
Համաժողովին մասնակցում են Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի պետական և հասարակական կառույցների 120 փորձագետներ, ՀՀ տարածքում գործող դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ:
Էներգախնայողության աջակցության հիմանդրամի տնօրեն Աստղինե Պասոյանը նշեց, որ միջոցառումը նվիրված է կայուն էներգետիկայի խթանման ոլորտում Հայաստանի փորձին:
«Հայաստանը էներգետիկայի, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում միանշանակ առաջատար է: Այսօր մի շարք երկրների ներկայացուցիչներ այստեղ են Հայաստանի փորձին ծանոթանալու, իրենց փորձը կիսելու համար»,- նշեց նա:
Աստղինե Պասոյանի խոսքով՝ համաժողովի մասնակիցները ներկայացնելու են նաև իրենց հետագա քայլերը:
«Այստեղ է կերտվում այն օրենսդրությունը, այն ազգային ռազմավարությունը, որը հետո կարող է բերել ներդրումների: Եթե չի արվում այս աշխատանքը, չի ստեղծվում ներդրումային պարարտ դաշտ, հետևաբար, չենք կարող ակնկալել ներդրումներ: Դրա համար Հայաստանը կոչում ենք կայուն էներգետկայի զարգացման փարոս, քանի որ մեր երկրում ընդունվել են ազգային ծրագրեր, դեռ 2004 թ-ին ընդունվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքը, որն էլ թույլ է տվել մեր երկրում զարգացնել վերականգնվող էներգետիկան»,- նշեց հիմնադրամի տնօրենը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



