Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները փակել են Բագրատաշենի մաքսակետի ելքումուտքը, հայտնել է Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը:
«Խայտառակ վիճակ է, խցանումներ են, տրանսպորտը կաթվածահար վիճակում է։ Երթևեկությունը երկկողմանի փակ է: Ակցիայի մասնակիցները 50-60 տրանսպորտային միջոց են կայանել ու փակել ճանապարհը», - հայտնեց նա: Բողոքի ակցիայի մասնակիցներն օրենքի փոփոխություն են պահանջում։
Նրա խոսքով, բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը չի փոխվել՝ նրանք փակել էին Բագրատաշենի մաքսակետի մուտքն ու ելքը՝ ի նշան բողոքի, որ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենքի նախագիծ, որի հետևանքով առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման չեն կարողանում 25 կգ-ից ավելի ապրանք ներմուծել:
Նշենք, որ ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել առ այն, որ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։
2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


