
Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնը ճանաչվել է որպես լավագույն լուծում Global CIO պաշտոնական պորտալի կողմից անցկացվող «Տարվա նախագիծ» մրցույթում, հայտնում են բանկից:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայացել է հունվարի 30-ին՝ Մոսկվայում: Միջոցառման ժամանակ մրցանակը շնորհվել է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանին:
Ամենամյա այս մրցույթին ներկայացվել էր ԱՊՀ երկրների ընկերությունների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների 262 նախագիծ: Սովորաբար, երեք անվանակարգերում հաղթող են ճանաչվում մասնակից այն նախագծերը, որոնք ստանում են ամենաբարձր վարկանիշը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների տնօրենների օնլայն քվեարկության արդյունքում:
Ամերիաբանկի՝ 2017 թ-ին կառուցված, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող տվյալների մշակման նոր կենտրոնն ապահովում է բանկի բոլոր գործընթացների անխափան և արդյունավետ իրականացումը: Կենտրոնի ինժեներական համակարգերը համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության, անվտանգության և գործընթացների անընդհատության TIER III պահանջներին: Տեղեկացնենք, որ կենտրոնի նախագծումը և կառուցումն իրականացրել է «Սոֆթլայն» ընկերությունը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով











