Հաշվեքննիչ պալատը հերթական նիստի ընթացքում որոշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում իրականացվող ստուգման ընթացքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։
«Հայաստան» համահայկական հիմնադրամում հաշվեքննությունը շարունակվում է, և մինչև դրա ավարտը «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տեղեկությունների հրապարակումն արգելվում է։
Նիստի ընթացքում հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակող փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հաշվեքննության առաջադրանքում, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում, «Հայաստան» համահայկական հիմնադրամում ստուգման առաջադրանքներում։
Հաստատվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը և ծախսերի նախահաշվի կատարման հաշվեկշիռը։
Հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունում հաշվեքննության առաջադրանքը։
Նիստի ավարտին Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից տրվել են կազմակերպչական բնույթի հանձնարարականներ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


