Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը մի շարք խոշոր ծրագրերի ֆինանսավորման շուրջ քննարկումներ է իրականացնում Հայաստանի կառավարության հետ:
Այս մասին լրագրողներին ասաց ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդադձեն: «Քննարկում ենք շատ ավելի խոշոր ծրագրեր: Հաշվի առնելով, որ քննարկումը դեռ շարունակվում է, որևէ բան չեմ կարող այս պահին հրապարակել: Բայց կարող եմ նաև մի բան ասել՝ մեր ուշադրության տակ շարունակում է մնալ մասնավոր ոլորտը»,- ասաց Դիմիտրի Գվինդադձեն: Խոշոր ծրագրերից նա առանձնացրեց Մասրիկի արևային էլեկտրակայանի ծրագրի ընդլայնումն ու վերակառուցումը, որի շուրջ քննարկումներ են ընթանում:
«Յուրաքանաչյուր տարի ՎԶԵԲ-ը մոտ 200 մլն եվրոյի չափով ծրագրեր է իրականցնում Հայաստանում, որոնցից 85 տոկոսը վերաբերում է մասնավոր ոլորտին: ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը տնտեսության ներառական աճն է, իսկ ներառական աճ ասելով՝ նկատի ունենք փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը, ինչն էլ մենք մեզ համար առաջնահերթություն ենք սահմանել: Մենք համագործակցում ենք այս հարցում գործընկեր բանկերի հետ»,- ասաց Գվինդադձեն:
Հայաստանում ՎԶԵԲ-ի համար առաջնահերթ ոլորտներն են էներգաարդյունավետությունն ու վերականգնվող էներգետիկան, նաև կանաչ տնտեսության ոլորտում են այս տարի ծրագրեր ֆինանսավորելու:p
«ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ խթանում ենք վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը: Էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգետիկան ՀՀ ռազմավարության կարևոր մասերն են կազմում, և վստահ եմ, որ այս տարվա ընթացքում մենք բազմաթիվ քննարկումներ կունենանք: Մաքուր էներգիայի ստացման միջոցները մենք համարում ենք առաջնահերթ: Եվ Երկրի համար մշակելիք ռազմավարությունում հաշվի կառնենք այն բոլոր առաջնահերթությունները, որոնք ՀՀ կառավարությունը սահմանել է: Մենք մեր բոլոր հնարավորությունները Հայաստանում օգտագործում ենք առանձին վարկային գծեր բացելու համար՝ հենց էներգաարդյունավետության ոլորտում բանկերի կողմից ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցությունը խթանելու համար»,- հավելեց նա:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


