Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) մայրուղու առաջին հատվածի շինարարությունն ավարտված է, և մոտ օրերս տեղի կունենա հանդիսավոր բացման արարողությունը։ Ճանապարհի շինարարությունն իրականացվել է սահմանված ժամկետներում, որակի հսկողության պատասխանատուներն էլ փաստում են ճանապարհի՝ որակի անհրաժեշտ չափանիշների համապատասխանելիության մասին։
Այս մասին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Բագրատ Բադալյանը և Գեղամ Վարդանյանը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մասիեյ Ժուրայի գլխավորությամբ։ ԵՆԲ ներկայացուցիչների այցի նպատակն էր քննարկել բանկի օժանդակությամբ նախարարության գործառույթների շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության շրջանակները։
«Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Լանջիկ հատվածի (Տրանշ-3) շինարարության առնչությամբ նշվել է, որ աշխատանքներում նկատելի առաջընթաց կա, սակայն շինարարության ընթացքն առայժմ չի գոհացնում։
Կողմերը քննարկել են Տրանշ 3-ի աշխատանքային ընթացակարգերի հետ կապված մի շարք հարցեր և հույս հայտնել, որ եղած խնդիրները ևս առաջիկայում լուծում կստանան։
«Անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտում գործակցության հետագա հնարավորություններին՝ Բագրատ Բադալյանը ներկայացրել է «Հյուսիս-հարավ» մայրուղու հարավային հատվածի (Տրանշ-4) շինարարության մի շարք մանրամասներ՝ ընդգծելով նաև ճանապարհի այդ հատվածի տեղանքային յուրահատկությունները, նշանակությունն ու կարևորությունը»,- տեղեկացնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերում ԵՆԲ-ի ներգրավվածության հնարավորությունները։
Նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, ներկայացնելով ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, բանկի ներկայացուցիչներին ծանոթացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու նախագծի մանրամասներին, Հայաստանում թվային էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ԵՆԲ-ին տրամադրվի ավելի հանգամանալից տեղեկատվություն՝ դրանք առավել խորությամբ ուսումնասիրելու և վերջնական եզրակացության հանգելու համար։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով