Արմսվիսբանկը և Միջազգային ներդրումային բանկը առևտրի ֆինանսավորման խթանման ծրագիրի շրջանակներում կնքել են պայմանագիր, համաձայն որի ՄՆԲ-ն Արմսվիսբանկի համար հաստատել է 2 մլն եվրո գումարի չափով սահմանաչափ: Համագործակցությունը հնարավորություն կտա բանկի հաճախորդներին առաջարկել առավել մրցունակ պայմաններով ԱՖԾ պրոդուկտներ: Այս մասին տեղեկացնում են Արմսվիսբանկից:
«Առևտրի ֆինանսավորման շրջանակներում բանկը համագործակցում է նաև իր ավանդական գործընկերների՝ ՎԶԵԲ-ի (Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ), ԱԶԲ-ի (Ասիական զարգացման բանկ), իտալական UBI բանկի հետ: Միաժամանակ, բանկը մշտական աշխատանքներ է տանում այլ միջազգային կառույցների հետ հնարավոր համագործակցության հաստատման նպատակով»,-հայտնում են բանկից:
Տեղեկացնենք, որ Միջազգային ներդրումային բանկը հիմնադրվել է 1970 թվականին: ՄՆԲ-ի անդամ երկրներն են հանդիսանում Բուլղարիան, Հունգարիան, Վիետնամը, Կուբան, Մոնղոլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ռումինիան, Սլովակիան և Չեխիան:
Միջազգային Ներդրումային Բանկը S&P-ի կողմից գնահատվել է BBB+, Moody’s-ի կողմից՝ A3, Fitch -ի կողմից՝ BBB+, Dagong-ի կողմից՝ A:
ՄՆԲ-ն կենտրոնացած է ծրագրերի միջին եւ երկարաժամկետ ֆինանսավորման վրա՝ նպատակ ունենալով անդամ երկրների տնտեսությունների զարգացմանը: ՄՆԲ- ն վարկեր է տրամադրում ուղղակիորեն համագործակցելով այլ ֆինանսական հաստատությունների հետ կամ գործընկեր բանկերի միջոցով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով