14-03-2023 13:08 92

Տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որին ներկա են տասնյակ ԶԼՄ ներկայացուցիչներ:

Արցախի ԱԺ-ի խմբակցությունները տարածած հայտարարությամբ Հայաստանի իշխանությունից պահանջում են կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Վարչապետն, անդրադառնալով հայտարարությանը, նշեց.

«Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է 1, 2, 3 օր, որ մենք ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է և ոչ թե վատ նորություն, որովհետև դա նշանակում է, որ բանակցային գործընթացներով մենք ունեցել ենք առաջընթաց և հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց որը, այնուամենայնիվ, արդյունք է և որը պիտի ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում»:

Պատասխանելով Արմենպրեսի հարցին, թե կա՞ն արդյոք ինչ-որ փաստաթուղթ կամ քննարկումներ, որով Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կասկածի տակ դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց Հայաստանի կարմիր գծերի մասին.

«Դուք գիտեք, որ փետրվարի կեսերին մենք մեր հերթական արձագանքը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ փոխանցել էինք Ադրբեջանին և 2-3 օր առաջ ստացել են Ադրբեջանի արձագանքը՝ մեր նախագծի վերաբերյալ: Եվ ի՞ նչ կարող եմ ասել այդ փաստաթղթի առումով. կա՞ արդյոք առաջընթաց փաստաթղթում: Պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք, բայց ինչքան տեսնում ենք առաջընթաց, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ:

Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման և հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ ձևակերպել կամ նկրտումներ ձևակերպել, ինչը հասկանալիորեն կարմիր գիծ է մեզ համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Որևէ փաստաթուղթ, որը կստորագրվի, ըստ Փաշինյանի պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է միջազգային երաշխիքներ, այդ ամենը բացակա է:

«Ինչ վերաբերում է ԼՂ-ի ժողովրդին, մեր ընկալումը հետևյալն է, որ ճիշտ կլինի այդ հարցի առաջնային հետապնդողը, առաջնային մանդատառուն, ինչպես որ կա իրականում,  լինի ԼՂ ժողովուրդը: Հիմնական խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև, այստեղ էլ առանց միջազգային երաշխավորների, առաջ գնալ չի լինի»,- ասաց վարչապետը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր