jkjhkjhkj

25-10-2023 16:30 280

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում իրեն երբևիցե ոչ դաշնակցային և ոչ գործընկերային ձևով չի դրսևորել։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպանի՝ ՀՀ արտգործնախարարություն կանչվելու վերաբերյալ հարցին:
«Հայկական կողմը մշտապես իրեն պարկեշտ հռետորաբանության մեջ է պահել, երբևիցե իրեն ոչ դաշնակցային և ոչ գործընկերային ձևով չի դրսևորել»,-ասաց Սիմոնյանը:

Նա նկատեց, որ «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդումը, որտեղ վիրավորական արտահայտություններ էին հնչել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին և որի համար ՌԴ դեսպանն ԱԳՆ էր կանչվել, միակը չէ։ Նա հիշեցրեց նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության, քարոզչությամբ զբաղվող հայտնի անձանց հայտարարությունների, վիրավորանքների մասին:

«Նրանք փորձում են ինչ-որ բաներ անել, որոնք մեր հասարակության մեջ, որը բավականին տեղեկացած է, ժողովրդավար է, հակառակ էֆեկտն են ունենում: Ես չգիտեմ, թե իրենց խորհրդատուներն ովքեր են, բայց այդ նույն ծրագիրը (խմբ.- «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդումը), հայտարարությունները Հայաստանի Հանրապետությունում հակառակ արձագանքն են ունենում: Թող երկու անգամ մտածեն՝ հաջորդ անգամ նման բան անելիս»,-ասաց Սիմոնյանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում 2023թ. հոկտեմբերի 23-ին թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր