«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հայաստանի կողմից հատկապես տարածաշրջանի երկրներին արված խաղաղության բանաձևի առաջարկն է:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Խաղաղության խաչմերուկ» նախագծում կարելի է ծանոթանալ, թե Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ ինչ ճանապարհներ է առաջարկում ապաշրջափակել և ինչ ձևով:
««Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության կողմից հատկապես տարածաշրջանի երկրներին արված խաղաղության բանաձևի առաջարկն է: Եվ հույս ունենք, որ հատկապես տարածաշրջանի երկրներն ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ կուսումնասիրեն մեր առաջարկը և ընդառաջ կգնան տարածաշրջանում խաղաղություն կառուցելու ՀՀ կողմից ներկայացված առաջարկին»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Նա վստահեցրեց, որ միջազգային գործընկերների կողմից այս իմաստով կա ընկալում, որից ելնելով էլ ներկայացրել են այդ բանաձևը:
ՔՊ խմբակցության պատգամավորները ևս մեկ անգամ վստահեցրին, որ Հայաստանի Հանրապետությունը քննարկում է հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ իրավազորության, տարածքային ամբողջականության փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց, որ շուտով հանրության համար հրապարակային կլինի, թե Հայաստանը կոնկրետ որ ճանապարհներ է առաջարկում ապաշրջափակել:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում հայտնեց, որ հրատարակության են ուղարկել անգլերենով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ բրոշյուրը, որում արտահայտված են տարածաշրջանային հաղորդակցությունների բացման պատկերացումները: Նույն օրն ավելի ուշ արդեն բրոշյուրները բաժանեցին ներկա պատգամավորներին: Հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերջինիս սկզբունքները:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



