Քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Ինչպես երեկ հաստատել էին փոխվարչապետի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի ղեկավարած հանձնաժողովների հանդիպումը Իջևանի և Ղազախի հատվածում է։
Նշենք, որ ՀՀ կողմից հանդիպմանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը։
Մայիսի կեսերին փոխվարչապետի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ փոխհամաձայնեցման փուլում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ու անցկացման աշխատակարգի նախագիծը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



