Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանի ««Coma club»-ի շենքը վաճառվում է: Այս մասին տեղեկանում ենք սոցցանցերի էջերից:
««Coma club»-ը եղել է երազանք, որը պիտի նոր աննախադեպ մշակութային շունչ հաղորդեր Ծաղկաձոր քաղաքին՝ ստեղծելով նոր երաժշտական «ուիքենդային» մշակույթ»,- բացումից առաջ նշել էր Գարիկ Պապոյանը:
«ԼուրջCast»-ի շրջանակներում Գարիկը պատմել էր, որ նախագիծը ինքն ու ընկերը 0-ից կառուցել են, սիրտ ու հոգի են դրել այդ ամենի մեջ, անգամ շենքը իրենք են կառուցել:
«Մենք նախագիծը սկսելուց բոլոր ռիսկերը հաշվի առնելով երբեք չէինք մտածել, որ Ծաղկաձոր քաղաքը կլինի դատարկ: Վերջին 2 տարում ոչ թե դատարկ էր, այլ՝ ամայի: Սցենարում չի եղել, որ հնարավոր է, որ Ծաղկաձորը լինի դատարկ: Մարդիկ չկան, քաղաքը դատարկ է»,- պատմել էր նա:
Հիշեցնենք, որ «Coma club»-ի բացումից օրեր առաջ Գարիկը ինստագրամյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ «Coma club»-ը չի բացվի, որովհետև Ծաղկաձորի քաղաքապետարանն անհավանական վատություն արեց մի թիմի, որը եկել էր իրենց քաղաքին օգուտ տալու:
«Սա մեր համար հսկայական ներդրում էր՝ լավ մարդկանց ու տաղանդավոր արտիստների հսկայական հոսք դեպի Ծաղկաձոր քաղաք, բայց մենք խոստացված ասֆալտապատման փոխարեն բացվելուց օրեր առաջ ունենք այս պատասխանը: Անհավանական վատություն արեցին մի ամբողջ թիմի, ովքեր իրենց քաղաքից եկել էին Ծաղկաձորին օգուտ տալու»,- նշել էր նա:
Սակայն, Քաղաքապետարանը արձագանքել էր և նշել, որ համայնքում կատարվող բոլոր աշխատանքները միտված են համայնքի բնակիչների և հյուրերի բարեկեցիկ կյանքի և հարմարավետ տեղաշարժման կազմակերպմանը, այլ ոչ թէ խոչընդոտ հանդիսանալու որևէ տնտեսվարողի համար: Խնդիրը լուծվել էր, Գարիկ Պապոյանը շնորհակալություն էր հայտնել քաղաքապետին ոչ էմոցիոնալ ու սրտացավ մոտեցման համար:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



