Հայաստանում կկարողանան դրամայնացնել YouTube-ի բովանդակությունը
Հայաստանում արդեն կսկսի գործել YouTube հարթակի դրամայնացման (մոնետիզացիայի) հնարավորությունը։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
YouTube-ի պաշտոնական հայտարարության համաձայն՝ այսուհետ ՀՀ-ում ստեղծագործողները կարող են դրամայնացնել իրենց բովանդակությունը և միանալ ավելի քան 3 միլիոն օգտատերերից բաղկացած գլոբալ համայնքին, որոնք իրենց հոբբին վերածել են բիզնեսի հենց հարթակի միջոցով։
Նախարար Հայրապետյանը նշել է, որ սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, կոնտենտ ստեղծողների արագ զարգացող համայնքի հզորացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության համաշխարհային տեսանելիության բարձրացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ նման հարթակները ոչ միայն բովանդակության ստեղծման, այլև տնտեսական հնարավորությունների, թվային ձեռներեցության զարգացման և ապատեղեկատվության դեմ հասարակության դիմակայունության ամրապնդման գործիք են։
Նախարարը վստահեցրել է, որ ԲՏԱ նախարարությունը շարունակելու է համագործակցությունը համաշխարհային խոշոր գործընկերների հետ՝ նպաստելով հայ ստեղծագործողների և տեխնոլոգիական ընկերությունների լիարժեք ինտեգրմանը համաշխարհային թվային էկոհամակարգում։ Նա նաև նշել է, որ Հայաստանը ակնկալում է այս դրական գործընթացների շարունակական զարգացումը ամերիկյան գործընկերների հետ համատեղ և պատրաստ է խորացնել համագործակցությունը YouTube-ի և տեխնոլոգիական համայնքի լայն շրջանակի հետ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



