Ճապոնական Յոկոհամա քաղաքում տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի կառավարիչերի խորհրդի 50-րդ ամենամյա նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։ Ինչպես finagent.am [1] կայքին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայաստանյան պատվիրակության ղեկավարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ ԱԶԲ-ն տոնում է տարածաշրջանում զարգացման 50-ամյա գործընկերությունը: ԱԶԲ-ի նպատակն է ներառական տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատումը: Հանդիպումների առաջին օրը, անդրադարձ կատարելով անդամ երկրների զարգացման օժանդակության առումով ԱԶԲ-ի ձեռքբերումներին, ԱԶԲ-ի նախագահ Տակեհիկո Նակաոն ամփոփել է դրանք երեք հիմնական ուղղություններով՝ ֆինանսական միջոցների (վարկերի և դրամաշնորհների) համադրություն ենթակառուցվածքների և սոցիալական հատվածի ծրագրերի վերաբերյալ գիտելիքների հետ, պատշաճ քաղաքականության խթանում երկխոսության, կարողությունների զարգացման և քաղաքական ձեռքբերումների հիման վրա կայացվող վարկավորման որոշումների միջոցով և տարածաշրջանային համագործակցության և ընկերակցության գործընթացների խթանում: ԱԶԲ-ի և Հայաստանի ավելի քան 10 տարիների համագործակցության շրջանակներում բանկի կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Հայաստանում էներգետիկ, տրանսպորտային ու ջրային ենթակառուցվածքների ոլորտներում, բիզնեսի ու ներդրումների խթանման և այլ բնագավառներում: Բոլոր ծրագրերը շոշափելի ներդրում են ունեցել մեր երկրի տնտեսական աճի ու զարգացման հեռանկարի, ինչպես նաև ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման, բնակչության կյանքի որակի բարելավման տեսանկյունից:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով
Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: