
AstanaEXPO-2017 ցուցահանդեսում նշվել է Հայաստանի ազգային օրը: Հայկական տաղավարը և Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանակում:
Հայաստանի ազգային օրվա նվիրված միջոցառումներին մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը և Հայկական տաղավարի հանձնակատարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ղազախական մշակույթի գործիչներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ և բարձրաստիճան պետական պաշտոնյաներ:
Հայաստանը ակտիվորեն ներգրավված է այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունների ուսումնասիրման ու կիրառման գործում և որպես առավել հեռանկարային ուղղություններ, դիտարկում է արևային էներգետիկան, հիդրոէներգետիկան և գեոթերմալ էներգետիկան: Աստանա 2017 ցուցահանդեսում Հայաստանը ներկայանում է արևային էներգիայի զարգացման տեխնոլոգիայով:
Հայաստանը ցուցահանդեսին ներկայացել է նաև որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը միջոցառման ընթացքում հանդես գալով ելույթով շեշտը դրել է երկրի զբոսաշրջային գրավչության վրա:
Ազգային օրվա շրջանակներում Հայաստանի տաղավարում ներկայացվել են Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ֆիլմի շնորհանդես, Հայաստանի մասին պատմող գովազդային տեսահոլովակներ, էքսկուրսիոն ծրագրեր, այցելուներին տրամադրվել են տեղեկատվական բնույթի նյութեր, ինչպես նաև hանձնվել նվերներ` «Պատրաստված է Հայաստանում»։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



