12-09-2017 16:40
1499
Երևանում կայացել է հայ-չեխական տնտեսական գործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը։Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են․ հայկական կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, չեխական կողմից՝ Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը։
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, ստանդարտացման, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ, հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Գարեգին Մելքոնյանի խոսքով, նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ և պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամենատարբեր ուղղություններով համագործակցության վերաբերյալ:
<<Ընդհանուր առմամբ, այս օրակարգը լավ նախադրյալ է լինելու հաջորդ տարվա համար: Նախագծվել է բավականին հագեցած և բազմաոլորտ օրակարգ` ուղղված և’ մասնավորի և’ միջկառավարական մակարդակով համագործակցությանը>>, - նշել է նա:
Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, չեխական կողմի համանախագահ Վլադիմիր Բարտլն իր հերթին նշել է.
<<Կա լավ համագործակցություն Հայաստանի հետ: Հայաստանի և Չեխիայի միջև շատ նմանություններ կան: Բացի դրանից Հայաստանը կարող ենք դիտարկել մեզ համար ոչ միայն որպես բաց երկիր, այլ նաև որպես դարպաս դեպի Իրան և Ռուսաստան>>:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



