Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է իրանական բազմաճյուղ առևտրաարդյունաբերական էքսպոն, որին ներկայացված է 49 իրանական ընկերությունների արտադրանք։ Իրանական բիզնեսը երևանյան էքսպոյին ներկայացել է կենցաղային տեխնիկայի, քիմիական, տպագրիչ, փաթեթավորման սարքավորումների, գյուղտեխնիկայի, մետաղաձուլական, տեքստիլ և այլ ոլորտների բազմազան արտադրատեսակներով:
«Հույս ունեմ, այս ցուցահանդեսները կդառնան ավանդական՝ իրենց ներդրումն ունենալով հայ-իրանական առևտրատնտեսական կապերի զարգացման գործում», - միջոցառման բացմանը նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում տեղի է ունեցել հայկական ապրանքների ցուցահանդես, որին մասնակցել են 103 հայաստանյան ընկերություններ։ «Սա Իրանում հիմնադրամի կազմակերպած ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն է և նպատակ ունի ամրապնդելու հայաստանցի և իրանցի գործարարների միջև տնտեսական կապերը։ Իրանում կայացած ցուցահանդեսից, ի դեպ, հայկական ընկերությունները վերադարձել են 9 պայմանագրով, որից 1-ը՝ արտահանման բացառիկ պայմանագիր և 2 բուհական համագործակցության հուշագիր», - նշել է ՀԶՀ Ծրագրերի թիմի ղեկավար Ավետիս Հովհաննիսյանը։
«Այս ցուցահանդեսով Հայաստանում կբարձրանա իրանական ապրանքների մասին տեղեկացվածությունը, սա նաև հիմքեր կստեղծի ներմուծվող իրանական ապրանքների, կիսաֆաբրիկատների՝ մեր երկրում հետագա վերամշակման, այստեղ համատեղ արտադրությունների հիմնման և դեպի երրորդ երկրներ արտահանման համար», - նշել է ՀՀ ՏԶՆ փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


