
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այսօր ամփոփել է 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները: Կես տարում ՀՆԱ աճը կազմել է 5,9 տոկոս: Աճ են արձանագրել արդյունաբերության ոլորտը 7.7%-ով, նաև առևտրի ու ծառայությունների ոլորտները:
«Տնտեսության զարգացման ոլորտում կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը ամբողջությամբ արդարացվել է և մեկ տարի առաջ ներկայացված մեր տեսլականը իրականացել է»,-ասաց նա:
Սուրեն Կարայանն ասաց, որ 2017թ․ հունվար- օգոստոս ժամանակահատվածի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,5% և հիմնականում աճին նպաստել են արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում երկնիշ աճերը:
Նախարարը նշեց, որ հիմնական նպատակն է արտահանելի տնտեսություն ունենալը, և հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ապրանքների արտահանման աճը կազմել է 21,7 տոկոս: Նշված ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1383.2 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 246.3 մլն ԱՄՆ դոլարով (21.7 %-ով): Դեպի ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 33.0%-ով, ԵՄ երկրներ՝ 32.6%-ով, այլ երկրներ՝ 11.0%-ով:
Սուրեն Կարայանը հայտնեց, որ դեպի ԵԱՏՄ արտահանումը աճել է 32,4%, իսկ դեպի ԵՄ՝ 32,6%:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



