
Նոյեմբերի 6-10-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում ծավալը կտրուկ կրճատվել է` 3,3 անգամ (նախորդ շաբաթվա 3,3% աճից հետո), ընդ որում, շաբաթվա ընթացքում գործարքներ իրականցվել են միայն երեքշաբթի և ուրբաթ: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում դիտվում է մասնակիցների հետաքրքրության անկում և, որպես հետևանք` գործառնությունների ակտիվ փուլից անցում պասիվ փուլի, հատկապես` եվրոյով գործարքների: Արտարժույթի բորսայական հարթակն արդեն վեցերորդ ամիսը դատարկ է:
Դրա արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 484,3-ից մինչև 487 դրամ/1դոլար, շարունակելով արժեզրկումը նաև եվրոյի նկատմամբ` 565-ից մինչև 567 դրամ/1եվրո` արժևորվերով ռուբլու նկատմամբ` 8,3-ից մինչև 8,2 դրամ/1ռուբլի: 2016 թվականի նոյեմբերի 10-ին դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմել է 478,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 522 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ` 7,5 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքների համեմմատ ցույց է տալիս այդ արտարժույթների նկատմամբ դրամի տարեկան արժեզրկումը:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայության, նոյեմբերի 6-10-ը արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել է 2.8 մլն դոլարի գործառնություն` 485,85 դրամ/1դոլար միջին կշռված փոխարժեքով (նախկին 483,61 դիմաց), ընդ որում, միակ ծավալները բաժին են ընկել երեքշաբթի և ուրբաթ օրերին, համապատասխանաբար` 2 մլն դոլար և 800 հազար դոլար:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



