
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը և պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը։
Վարչապետի խոսքով՝ Doing Business 2018 զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել էին որոշակի խնդիրներ։
«Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում շինարարության ոլորտի զարգացման վրա։ Օրենսդրության համաձայն՝ նշված թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն դրանց տրամադրման նորմատիվային մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումները՝ խիստ պատճառաբանված։ Միաժամանակ, գործող օրենսդրությամբ ոլորտային լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողական գործառույթներ»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել և Երևանի քաղաքապետին առաջարկվել է մինչեւ դեկտեմբերի երկրորդ կեսը համատեղ մշակել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման, ինչպես նաև ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ սահմանելուն ուղղված առաջարկություններ եւ ներկայացնել կառավարության աշխատակազմ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



