
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Մոսկվայում մասնակցել է ԵՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստին:
Նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով մի շարք սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտման, այդ թվում նաև՝ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասությունները՝ առաջարկներ ներկայացնելով դրանց փոփոխության վերաբերյալ:
Մասնավորապես, Արտակ Շաբոյանը խոսել է այն մասին, որ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված է, որ կաթնամթերքի բաղադրության մեջ կարող են օգտագործվել ինչպես բուսական, այնպես էլ կենդանական յուղեր, սակայն դրանք պետք է տարանջատվեն անվանումներով: Օրինակ, բացառապես կենդանական ծագման արտադրանքը պետք է կոչվի կաթնաշոռ, իսկ բուսական յուղերի խառնուրդով պատրաստվածը՝ կաթնաշոռային արտադրանք, կամ նույն կերպ պետք է տարանջատվեն պանիրը եւ պանրային արտադրանքը, թթվասերը եւ թթվասերային արտադրանքը եւ այլն:
Սակայն, ըստ ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարի, ուսումնասիրությունները փաստում են, որ այդ անվանումները միմյանց խիստ նման են և սպառողների մոտ առաջացնում են շփոթություն. «Պետք է այս հարցում լինի հստակ տարանջատում, որպեսզի սպառողը իմանա, վճարում է բուսական, թե կենդանական յուղով պատրաստված սննդամթերքի համար»: Ա. Շաբոյանը առաջարկել է, որ անվանումները լինեն խիստ տարբերակված ինչպես օրինակ կարագի պարագայում է՝ կարագ, մարգարին, սփրեդ եւ այլն:
Սակայն, կարագի մասով էլ գոյություն ունի մեկ այլ խնդիր: Խնդիրն այն է, որ ըստ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի, կարագը պետք է պատրաստված լինի բացառապես կենդանական ծագման յուղից: Սակայն, ՏՄՊՊՀ-ը պարզել է, որ վերջերս տեղական շուկայում հայտնվել է կարագ անվանումով արտադրանք, որի բաղադրության մեջ առկա է նաեւ բուսական յուղ: Քանի որ այն ռուսական ծագման է, ապա Հանձնաժողովը դիմել է ՌԴ համապատասխան մարմիններին եւ ստացել պատասխան, որտեղ նշված է, որ բուսական յուղով պատրաստված կարագը հանդիսանում է դիետիկ արտադրանք:
Ըստ ՀՀ Մրցակցային մարմնի, այստեղ առկա է ակնհայտ հակասություն. մի կողմից Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում նշված է, որ կարագ կարող է կոչվել բացառապես կենդանական ծագման սննդամթերքը, մյուս կողմից էլ «Роспотребнадзор»-ը հավաստում է, որ կարագը կարող է լինել նաև բուսական ծագման, որը դիետիկ սննդամթերք է:
Արտակ Շաբոյանը գործընկերներին առաջարկել է այս մասով փոփոխել տեխնիկական կանոնակարգը՝ հստակ նշելով, թե որոնք են դիետիկ նշանակությամբ ապրանքներին ներկայացվող պահանջները: « Մենք նման արտադրատեսակը հայտնաբերել ենք Հայաստանում, սակայն պարզել ենք, որ օրենսդրական բացի հետեւանքով առաջացած այս խնդիրը առկա է նաեւ ԵՏՄ անդամ բոլոր երկրներում»:
Արտակ Շաբոյանի առաջարկը հավանության է արժանացել գործընկեր կառույցների ղեկավարների կողմից, ովքեր պատրաստակամություն են հայտնել առաջիկայում միջոցներ ձեռնարկել՝ խնդրի կարգավորման ուղղությամբ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



