
ՍԱՊԾ-ն պատրաստվում է ուսումնասիրել ձկնաբուծական տնտեսություններում օգտագործվող կերը և ջուրը: Ծառայությունից նշում են, որ ձկնաբուծարաններում ջրի անվտանգության ցուցանիշների շեղումները կարող են նաև ձկան մեջ շեղումների պատճառ դառնալ:
Ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող և արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների և ձկնաբուծության միության նախագահի հետ հանդիպման ժամանակ ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը ընդգծել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար առաջնային խնդիրներից են ձկան կերը և ջուրը: Նաև նշվել է, որ այս փուլում Ծառայությունը այցերի միջոցով կփորձի տեղում հասկանալ ոլորտի հիմնախնդիրները, տնտեսվարողներին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:
Թեև տնտեսվարողներից շատերը համագործակցում են ԵՄ հեղինակավոր ընկերությունների հետ և կերը ձեռք բերում նրանցից, բայց հնարավոր են դեպքեր, երբ փոխադրման ընթացքում կերը կորցնի իր պիտանելիությունը և փորձաքննության ժամանակ ի հայտ գան շեղումներ ՀՀ-ում գործող իրավական նորմերի նկատմամբ:
«Առաջիկայում ձկնաբուծական տնտեսություններում անասնահամաճարակային մշտադիտարկումներ կիրականացվեն: Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի շեղումներով ձուկը չշրջանառվի Հայաստանի Հանրապետության տարածքում: Միասին կգտնենք և կվերացնենք հնարավոր թերությունները: Սա շահավետ է նաև այն տնտեսվարողների համար, ովքեր համապատասխան ծավալներ ունեն և հետաքրքրված են ներկայացնելու իրենց արտադրանքը թե՛ ԵԱՏՄ շուկայում, թե՛ ԵՄ շուկայում՝ մոտ ապագայում այն բացելուց հետո»,- հասել է ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Ուսումնասիրության արդյունքում տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շրջայցերի ընթացքում նմուշառում վերցնել օգտագործվող ձկան կերից և ջրավազանների ջրից:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



